Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ պայմանավորվածությունները կատարելուն

ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին՝ խնդրի կարգավորման հարցում ներդրած քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար:
putin-serj

Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ներդրած քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար: «ՌԻԱ Նովոստին»- ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ցանկանում եմ Ձեզ անձամբ երախտագիտություն հայտնել ռուսական կողմի այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը ներդնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար: Իհարկե, շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն: Մենք դրան պատրաստ ենք»,- նշել է Հայաստանի նախագահը:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

«Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մենք, իհարկե, չէինք կարող շրջանցել այն սուր հարցը, որի մասին Դուք նշեցիք, այն է` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Իհարկե, հաճույքով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում մեր զրույցների արդյունքների մասին»,- Կրեմլում Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը:

*

*