Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է ԼՂ խնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը

Ստորագրվեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։
hapk

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին Մինսկում մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրել է նույն օրը կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի հաստատմանը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

*

*