Մարտահրավերները մեծանում են, պիտի համագործակցենք տարբեր կառույցների հետ․ Ստեփան Գրիգորյան

Հայաստան էին հրավիրվել տարբեր եվրոպական երկրների դեսպաններ եւ դիվանագետներ՝ քննարկելու Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Հայաստան էին հրավիրվել տարբեր եվրոպական երկրների դեսպաններ եւ դիվանագետներ՝ քննարկելու Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը պետք է ակտիվորեն շարունակվի եւ, ըստ նրա, դա ոչ ոքի դեմ ուղղված չէ, սակայն Հայաստանին շատ է անհրաժեշտ.

«ՆԱՏՕ-ն մեզ աջակցում է, որ մեր բանակի կառավարումը ուժեղանա, կապի հնարավորությունները բանակում զարգանան: Այդ ծրագրերը պետք է շարունակենք, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները մեծանում են ու շատանում են, բայց եթե դու աշխատում ես միայն մեկ երկրի հետ, կամ միայն մեկ համակարգի հետ, դու այդ մարտահրավերներին չես կարող պատասխանել: Ի վերջո, մեզ բոլորիս համար պետք է դաս լինի ապրիլի պատերազմը, որին մենք ինչ-որ չափով պատրաստ չէինք»:

Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հատուկ կարեւորում է Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը։

«Հայաստանը լինելով ՀԱՊԿ կազմակերպության հիմնադիր անդամ պետություն՝ միեւնույն ժամանակ զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, այդ առումով մենք ունենք առանձնահատուկ կարգավիճակ։ Այդ տեսանկյունից որեւէ անհանգստություն մեր գործընկերների շրջանում չենք նկատում: Կարծում եմ՝ բոլոր կողմերը հասկանում են մեր առանձնահատուկ կարգավիճակը, եւ մենք նաեւ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացնում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք բխում են մեր ազգային անվտանգության շահերից»,- ասում է Կորյուն Նահապետյանը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատում է՝ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները մշտապես պայմանավորված են եղել քաղաքական երկխոսությամբ եւ գործընկերային հարաբերություններով:

Կոնֆերանսի ներկաներին միավորել էր անվտանգության եւ կայուն ու խաղաղ գործակցության ոլորտում ընկած խնդիրների քննարկումը: Կարեւորելով կոնֆերանսի թեման՝ ներկաները նկատեցին, որ Եվրոպական միության եւ Եվրատլանտյան կառույցների հետ զարգացումը եւ ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

*

*