Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է իր ստանձնած պարտավորությունները. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

«Հայկական հեղափոխությունը Ֆրանսիայում շատ դրական ընդունվեց»
jonatan-lakot-frankofonia

Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է իր ամենակարեւոր տոներից մեկը՝ Բաստիլի գրավման տոնը։ Ֆրանսիայում ու Հայաստանում նախանշված միջոցառումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին` նա ասաց, որ այս տարվա գարունը բացառիկ էր Հայաստանի համար։ Հայկական հեղափոխությունը Ֆրանսիայում շատ դրական ընդունվեց։ Այդ երկրի ԶԼՄ- ները դրական ենթատեքստով անդրադարձան հայաստանյան իրադարձություններին նախ այն պատճառով, որ դրանք ծայր աստիճան խաղաղ էին։

Դեսպանը իր երկրի իշխանություններին փոխանցել է, որ ՀՀ-ում ոչ մի ֆրանսիացի վտանգ կամ անհանգստություն չի զգացել։ «Բոլորը համոզվեցին, որ չկար դրսի ոչ մի ուժի ազդեցություն։ Փողոց դուրս եկավ ժողովուրդը, եվ ամեն ինչ սահմանադրական էր։ Հետհեղափոխական շրջանում եւս հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ պահանջատեր է իր վաղվա օրը ստեղծելու հարցում»,-նշեց Լաքոթը։

«Երեկ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները շատ ջերմ են հանդիպել։ Հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Երեւան` Ֆրանկոֆոնիայի շրջանակում։ Սա կլինի նոր այց՝ նոր Հայաստան։ Բոլորն են ուզում գալ եւ տեսնել այն երկիրը, որտեղ ժողովուրդը խաղաղ հեղափոխություն արեց։ Չկա մի օր, որ մենք չգրանցենք ֆրանսիացիների ու ֆրանսահայերի խմբերի այց եւ ներդրումների ցանկություն։ 2018 թվականն իսկապես Հայաստանի տարին էր»-, ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությանը, թե Բաքուն արդեն կարող է Ֆրանսիայից զենք գնել, Ժոնաթան Լաքոթը շեշտեց, որ Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է իր ստանձնած պարտավորությունները` չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել ԼՂՀ-ում։

«Այս հակամարտությունը չի կարող ունենալ ուժի կիրառմամբ լուծում։ Միայն խաղաղ լուծումն է ելքը։ Այս միտքը հայտնեց նաեւ Ֆրանսիայի նախագահը` վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում»,-եզրափակեց Լաքոթը։

 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները