Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը

Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես եկան ելույթներով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում, հոկտեմբերի 11-ին, մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը:

Ֆրանսահայ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրին «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները:

Կենտրոնում գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։

Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց կատարեցին կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:

Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես եկան ելույթներով: Նախագահ Սարգսյանը նշեց, որ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր, 100 տոկոսով՝ հայ, և 100 տոկոսով աշխարհինն էր՝ աշխարհի քաղաքացի:

ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց էմանուել Մակրոնին այն ամենի համար, ինչ արել էին ինքն ու իր կինը՝ Բրիջիտը, ու Ֆրանսիայի ժողովուրդը՝ ցույց տալով Ազնավուրի հանդեպ մեծ սերն ու գնահատանքը:

ՀՀ նախագահը Մակրոնին առաջարկեց մեկտեղել ջանքերը և Ֆրանսիայում ու Հայաստանում բարեգործական համերգներ կազմակերպել՝ ի հիշատակ Ազնավուրի, իսկ հանգանակված գումարը ծառայեցնել «Ազնավուր» հիմնադրամի նպատակներին:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Սարգսյանը հայտնեց, որ հիմնադրամի միջոցով Ազնավուրը ցանկանում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև կառուցել նոր կամուրջ:

«Մենք կշարունակենք այս առաքելությունն ավելի մեծ ջանքերով ու նվիրումով»,- ընդգծեց Քրիստինա Սարգսյանը:

Նիկոլ Ազնավուրն էլ իր հերթին նշեց, որ իր և հիմնադրամի ողջ թիմի համար ցավալի է ներկայացնել «Ազնավուր» կենտրոնի ծրագիրն՝ առանց հոր ներկայության:

«Ազնավուր» կենտրոնի ճարտարապետը Արիս Ադամյանն է, ով դեռ Ազնավուրի կենդանության օրոք նրա հետ քննարկել է կենտրոնի ամբողջական վերակառուցման նախագիծը:

*

*