Հանդիպել են Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարները

«Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»
ararat-mirzoyan,-ashot-xulyan

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։

«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:

«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե′ գործնական, թե′ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, և վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու և խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։

*

*