Արմեն Ռուստամյանը՝ Հայաստանի միջուկային զենք ունենալու եւ Ադրբեջանի արձագանքի մասին

Ռուստամյանի խոսքով՝ Ադրբեջանն արդեն իսկ կիրառում է զանգվածային ոչնչացման զենքեր, դրանով սպառնալով Հայաստանին ու Արցախին...
armen-rustamyan

yerkir.am — ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությունը, որում նա նշել է, թե հավատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», վայնասուն է առաջացրել ադրբեջանական կայքերում: Ավելին, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանիչը ասել է.

«Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր մոտեցումը, և դա շատ պարզ է»:

Այսօր լրագրողների հետ զրույցում նախ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իր հայտարարությունից առաջ միջուկային զենքի վերաբերյալ հայտարարություն արել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ապա հիշեցրեց երեկվա իր ասածները. «Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր ասենք հասանելի չլինել բոլորին, այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Ադրբեջանն արդեն իսկ կիրառում է զանգվածային ոչնչացման զենքեր, դրանով սպառնալով Հայաստանին ու Արցախին, և չունենալով դրա համար ոչ հիմք , ոչ արտոնություն ու հնարավորություն: Իսկ Հայաստանը ամեն պահի պետք է մտածի իր պաշտպանությունը ուժեղացնելու մասին և պետք է դա իրականացնի բոլոր հնարավոր միջոցներով:

«Հայաստանի առջև կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել, այսինքն որևէ հիմք չկա մտածելու, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին նոր ավանտյուրա չեն սկսի, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ»:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Հայաստանը եղել է միջուկային տերության մաս, և թե ինչպես է բաշխվել այդ ամենը, դեռևս դրա հետ կապված անհայտ պատմություններ կան: Հարցին, վտանագավոր չի լինի՞ Հայաստանի համար, եթե պարզվի, որ Հայաստանն իրոք ունի միջուկային զենք, Արմեն Ռուստամյանը նշեց. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:

Պատգամավորը խնդիր չի տեսնում, թող գան ու ստուգեն, բայց թող նաև ստուգեն զենքի բալանսը:

«Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է ի օգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում , կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ըստ էության»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

*

*