«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպմանը բուն բանակցություններ չեն ընթանալու»․ Աննա Նաղդալյան

Արցախի եւ Հայաստանի միջեւ այս հարցում հակասություններ չկան
anna-naghdalyan

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն բանակցություններ չեն ընթանալու: Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը քանիցս հայտարարել է՝ արցախյան բանակցային գործընթացում տարակարծություն կա․ երեք սկզբունքների եւ վեց տարրերի վերաբերյալ Ադրբեջանն ունի իր մեկնաբանությունը, Հայաստանն՝ իր:

Տարբեր մեկնաբանությունների վրա չհենվելու համար՝ առաջացել է հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն, մշակելու բոլորի համար ընդունելի մեկնաբանություն:

Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաեւ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի այն հայտարարությանը, թե ժամանակն է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից: Նաղդալյանի խոսքով՝ Արցախը առանձին քաղաքական միավոր է, ունի իր իշխանությունը, տեսակետը, եւ Մասիս Մայիլյանն արտահայտել է իր կարծիքը, որպես Արցախի ներկայացուցիչ: Արցախի եւ Հայաստանի միջեւ այս հարցում հակասություններ չկան: Արտգործնախարարության խոսնակի կարծիքով, հրադադարի խախտման Ադրբեջանի քայլերը չեն նպաստում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:

*

*