Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հարցը կդառնա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստի թեմա

«Մեզ համար ընդունելի չէ, երբ մեր դաշնակիցները կրավորական կեցվածք են որդեգրում»,- ասում է Շարմազանովը։
hapk

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը նախանշված է մարտի 11-ին: Այն տեղի կունենա Երեւանում։

Նիստը նախագահելու է Ռուսաստանի Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Քննարկվելու են ՀԱՊԿ-ին, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունությանը վերաբերող խնդիրներ։

Նիստում ելույթ է ունենալու Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ անդրադարձ է լինելու հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, ինչին էլ վերաբերելու է իր ելույթը։

«Մեզ համար ընդունելի չէ, երբ մեր դաշնակիցները կրավորական կեցվածք են որդեգրում։ Դրա համար հարցերից մեկը, որ կքննարկենք, կլինի ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում»,- ասել է Շարմազանովը։

Դեռ դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ էր տվել ՀԱՊԿ անդամների պահվածքին:

«Նախագահ Սարգսյանի հայտարարությունն անարձագանք չի մնացել եւ իր դրական պտուղները տվել է: Եթե մենք համեմատենք շփման գծում իրավիճակը մի քանի ամիս առաջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հետ, ապա կտեսնենք, որ դրական տեղաշարժ կա: Թեեւ սա, անշուշտ, բավարար չէ։ Նոյեմբերին ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչները, ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները ընդունել են ի գիտություն այն հայտարարությունը, որն արվել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից, որտեղ շեշտվում է՝ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ հրադադարի ցանկացած խախտման փորձ անընդունելի եւ դատապարտելի է»,- ասաց Շարմազանովը:

*

*