ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը ցավոտ հարց է կազմակերպության համար

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ խնդիրը պետք էր հնարավորինս արագ լուծել
hapk

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված անորոշությունը ցավոտ հարց է կազմակերպության համար, բայց չի ազդում կառույցի արդյունավետության եւ մարտունակության վրա:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Դիվանագետն ասել է, որ իրավիճակի վերաբերյալ հեռու գնացող հետեւություններ չէին անի, եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի եւ մյուս գործընկերների միջեւ ձգվածություն եւ փոխըմբռնման բացակայություն չլիներ: Պաշտոնյան նաեւ ասել է, որ խնդիրը պետք էր հնարավորինս արագ լուծել: Պանկինի խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության պահպանման շատ կարեւոր գործիք է, ու պետք է հստակ գործի:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ 2018թ. Հայաստանում հարուցված Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեր երկրի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց Երեւան: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Վալերի Սեմերիկովը: Երեւանը պնդում է, թե իր նոր ներկայացուցիչը պետք է մինչեւ 2020թ. զբաղեցնի այդ պաշտոնը: ՀԱՊԿ անդամ մյուս երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, պաշտպանում են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

*

*