ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հանդես գան ընդհանուր շահերից բխող դիրքորոշումներով

ԱԺ-ում դռնփակ ընթացել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը, որից հետո...

Երկօրյա աշխատանքային այցով Երեւանում է Ռուսաստանի պետդումայի դաշային ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ազգային ժողովի շենքում նա այսօր մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին, նախագահել այն:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա խոսել է ժամանակակից պայմաններում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը հակազդելու մասին, քննարկվել են նաեւ միջազգային եւ հավաքական անվտանգության հրատապ հարցեր:

Նիստն ընթացել է դռնփակ, իսկ դրա ավարտից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը հանդես են եկել հայտարարությամբ:

Շարմազանովը ասել է, թե ՀԱՊԿ անդամ երկրները միջազգային հարթակներւմ պետք է հանդես գան հավասարակշռված, ՀԱՊԿ-ի ընդհանուր շահերից բխող դիրքորոշումներով: Նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:

«Հայաստանի համար գոյություն ունի բոլոր կոնֆլիկտների, եւ մասնավորապես՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման միայն խաղաղ ճանապարհ՝ հիմնված ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա: Այս առումով՝ խնդիրն ուժային ճանապարհով լուծելու ադրբեջանական կողմի ջանքերը ընդունելի չեն»,- ասել է Շարմազանովը:

Սերգեյ Նարիշկինը խոսել է «Իսլամական պետության» գործունեության եւ ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

«Այս նիստի ընթացքում մենք քննարկել ենք ՀԱՊԿ-ը կողմից իրականացվող հակահաբեկչական պայքարի օրենսդրական հիմքերը: Ահաբեկչության սպառնալիքը գալիս է Մերձավոր արեւքից՝ իսլամի անվան տակ գործող ահաբեկչական կազմակերպություններից: ՀԱՊԿ-ի շրջանակում ստեղծվել է բավական հարուստ նորմատիվային բազա՝ ահաբեկչությունների դեմն առնելու համար, եւ ահաբեկչության սպառնալինքերին հակազդելու հարցում այս կառույցը մշտական պատրաստվածության մակարդակում է»:

*

*