Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անառողջ մթնոլորտ է ստեղծվել, որի պատճառը նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է:
Լուկաշենկոյի այս խոսքերը մեջբերված են Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում շատ կարեւոր է Մինսկի համար հատկապես այն բանից հետո, երբ երկու հիմնական միջուկային ուժերը դուրս են եկել Միջին եւ Փոքր հեռահարության միջուկային հրթիռների ոչնչացման պայմանագրից:
Լուկաշենկոն նաեւ ասել է, որ հաշվի առնելով աշխարհի վերջին միտումները՝ կազմակերպությունը մեծ պահանջարկ ունի:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի չլուծված հարցի մասին այսօր խոսել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա արձագանքել է գլխավոր քարտուղարի՝ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել: