Բորդյուժայի պաշտոնանկությունը Չինարիի դեպքերի մեկնաբանության հետ կապելն անթույլատրելի է

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել ԶԼՄ-ներում մեծ ուշադրության արժանացած Չինարիի միջադեպին:
bordyuja

ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձ է կատարել վերջին ժամանակներս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին եւ նշել, որ դրանք «այնքան էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»:

Մասնավորապես, ինչպես նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ, ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ  կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ եւ լուրջ մտահոգություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երեւանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետեւողականորեն ու անշեղորեն հետեւում է այդ դիրքորոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում է փաստաթղթում:

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված է.

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի  համաձայն նրանց անվանումների կարգով»:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որեւէ փոփոխության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ նշվում Է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը «մտադիր է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ եւ հորդորում է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները»:

*

*