Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ է խոսել նախագահ Սարգսյանի հետ (լուսանկարներ)

Փաշինյանը խնդրեց ժողովրդին, որ վերջինս լիազորի իրեն՝ մասնակցել բանակցություններին
hraparak-davit
Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

21։37- Նիկոլ Փաշինյանը խոսելով վաղվա պլանների մասին, ասաց, որ վաղը ժամը 11-ին իրենք երթը կսկսեն Էրեբունի վարչական շրջանից, սակայն կոնկրետ վայրը չնշեց։ Հանրահավաքը եզրափակելով՝ նա հայտարարեց, որ երթի փոխարեն իրենք այսօր կմնան հրապարակում եւ համերգ կլսեն։

21։14- Նիկոլ Փաշինյանը խոսեց Արմեն Սարգսյանի հետ հրապարակում զրուցելու մասին։ Նա ասաց, որ առավոտյան նախագահ Սարգսյանը ցանկացել է խոսել իր հետ, նա հրավիրել է հրապարակ։ Նախագահը ժամը 19։00-ին եկավ հրապարակ, իրենք խոսել են Սերժ Սարգսյանի հեռացման մասին։ Նախագահ Սարգսյանը հարցրել է, արդյո՞ք բանակցելու, քննարկելու կարիք չկա, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրենք պատրաստ են քննարկել իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցման պայմանները, եւ ասել է, որ պատրաստ են բանակցել միայն այդ առաջարկի շուրջ։

Փաշինյանն առաջարկել է բանակցություն անցկացնել որեւէ չեզոք վայրում, օրինակ՝ «Մարիոթ» հյուրանոցում: «Ես ասել եմ, որ օրակարգային թեմա միայն կարող է լինել իշխանությունը խաղաղ եւ անցնցում փոխանցելը ժողովրդին, ուրիշ թեմա չի կարող լինել»։ Փաշինյանը խնդրեց ժողովրդին, որ վերջինս լիազորի իրեն՝ մասնակցել բանակցություններին, ինչին ի պատասխան հավաքվածները բարձրաձայնեցին՝ «այո, այո»։

Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց իրենց պահանջները.

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2. ԱԺ-ը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին

3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն

20։55- Այս պահին ելույթ է ունենում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ ելույթներ ունեցան ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

20.27-Ելույթներ ունեցան Կարեն Արեյանը, Համլետ Ղուշչյանը, Դավիթ Սանասարյանը եւ Գերմանիայի Թյուրինգի նահանգի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանը։ Վերջինս պատմեց, որ հինգ օր առաջ՝ ուսումը, ընտանիքը, սիրելիին թողած՝ եկել է հայրենիք:

Նա, դիմելով Սփյուռքի հայերին, ասաց, որ պետք չէ անվստահությամբ վերաբերել այս շարժմանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին պետք է վստահել: «Ինձ շատերն ասում էին՝ քեզ պե՞տք է գնաս Հայաստան, Գերմանիայում լավ ապրում ես։ Այդ ժամանակ ես նրանց չպատասխանեցի, բայց հիմա եմ պատասխանում՝ ինձ պետք  չէ օտար երկրում լավ ապրելը, ինձ պետք է Հայաստանում լավ ապրել»:

20:00- Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը։ Արդեն 9-րդ օրն է, որ հանրահավաքի մասնակիցները դեմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։

Ժամը 19։00-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակ եկավ եւ զրույց ունեցավ  Նիկոլ Փաշինյանի հետ։  Հիշեցնենք, որ նախագահը Նիկոլ Փաշինյանին երկխոսության կոչ էր արել, իսկ Փաշինյանը նշել էր, որ նրան սպասում է Հանրապետության հրապարակում։

hanrahavaq-21.04

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

armen-sargsyan-nikol (1)

 

hanrahavaq-hraparak-21.04.1

*

*