Համանախագահ երկրները Բաքվին կոչ են արել հարգել նախկին համաձայնագրերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով ուղարկված ՄԱԿ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների նամակը հայտնվել է «Մեդիամաքսի» տրամադրության տակ:
hamanakhagahner

«Մեդիամաքսի» տրամադրության տակ է հայտնվել մայիսի 5-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով ուղարկված ՄԱԿ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների նամակը:

Վիտալի Չուռկինի, Սամանտա Փաուերի եւ Ֆրանսուա Դելատրի նամակը փաստացի պատասխան է ՄԱԿ-ում Ադրբեջանի ժամանակավոր ներկայացուցչի նամակին, որով պաշտոնական Բաքուն փորձում էր միակողմանիորեն դուրս գալ 1994-1995 թթ. զինադադարի մասին համաձայնագրերից:

Չուռկինի, Փաուերի ու Դելատրի նամակին կցված է Մինսկի խմբի համանախագահների նամակը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին, որում ասվում է.

« ԼՂ հակամարտության գոտում 2016 թ. ապրիլի 2-ից լայնածավալ ռազմական միջադեպերի մեկնարկի պահից Մինսկի խմբի համանախագահները համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին խստորեն կոչ էին անում կողմերին կատարել 1994 թ. ԼՂ հակամարտությունում զինադադարի մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ 1995 թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը:

Մենք ողջունում ենք զինադադարի ռեժիմի վերականգնման մասին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մենք կոչ ենք անում կողմերին թույլ չտալ վերոհիշյալ 1994 եւ 1995 թթ. համաձայնագրերի խախտումներ, որոնց պայմանները մնում են ուժի մեջ, եւ որոնք շարունակում են հանդիսանալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի հիմքը:

Մենք հստակ համոզված ենք, որ կողմերը պետք է անհապաղ սկսեն բանակցությունները, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորմանը: Որպես բանակցային գործընթացի միջնորդներ, մենք հաստատում են մեր հանձնառությունը կողմերին տրամադրելու ցանկացած հնարավոր աջակցություն համապարփակ կարգավորմանը հասնելու հարցում»:

*

*