«Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատմական անդրադարձ է կատարել Արցախյան գոյամարտի ակունքներին:

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների 4-օրյա համաժողովը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատմական անդրադարձ է կատարել Արցախյան գոյամարտի ակունքներին: Նա ընդգծել է արցախցու ազատասիրական ոգու ուժը, որը փաստեց, որ կյանքի գնով պատրաստ է պայքարել ազատության համար:

«Ժողովուրդը դիմադրեց, տոկաց և նույնիսկ համայնավարական ռեժիմի տակ տոկաց՝ պահանջելով որ խորհրդային պետական իշխանության լուռ մեղսակցությամբ Ադրբեջանին պատանդ տրված հպարտ Արցախն իր հայկական դիմագիծն ու ինքնավարությունը պահպանի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը զարմանալի չի համարել արցախյան շարժման մեկնարկը, քանի որ այն հաջորդել է Բաքվի, Սումգայիթի ջարդերին ու նոր տեղահանություններին: Պատասխանը եղավ այն, որ Արցախի ժողովուրդը կազմակերպեց հանրաքվե և հռչակեց իր անկախությունը: Ապա նա նախ ամրապնդել է նորահաստատ պետության հիմքերը, հետո ստեղծել հզոր բանակ և, Հայաստանի Հանրապետության  հետ զուգահեռ, մասնակցել բանակցային գործընթացին, որպեսզի ամրագրվի անկախությունը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի դերը, որոնք Արցախի կողքին էին ազատամարտի  առաջին օրերից:

«Հոգեկան մեծ գոհունակությամբ նշում ենք, որ այդ պայքարի մեջ ունեցանք նեցուկը Արցախի մեր բարեկամների լայն ցանցի, որի ներկայացուցիչներդ՝ դուք, այսօր հավաքված եք այստեղ»,- ասել է նա և հավելել. «Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»:

*

*