Խելքին մոտ ծրագիր ենք ներկայացնում. ՀՅԴ-ն Գյումրիում վճռական է տրամադրված

«Ի վերջո, քաղաքը բոլորինս է, և ոչ մեկս էլ մեզ վրա չպետք է վերցնենք այնպիսի մի դեր, որ չկարողանանք իրականացնել...»
ara-nakhshqaryan

Գյումրիում երեկվանից մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Yerkir.am-ը զրուցել է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ, ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու Արա Նախշքարյանի հետ:

Ըստ նրա` Գյումրիում ընդհանուր տրամադրությունը մարտական է:

«Կան մի քանի նոր գրանցված կուսակցություններ, որոնք մի քանի ձայն փախցնելու համար են դա արել, որպեսզի կարողանան  հարված հասցնել իրենց ալտերնատիվ կուսակցությանը, այդպիսով` աջակցելու են այն ուժին, որի կողմից ստեղծվել են: Այս իմաստով` տրամադրությունները Գյումրիում մարտական են»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Նախշքարյանի` սև փիարի շրջանակներում  շահարկվել է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համագործակցությունը, բայց իրենք հաղթահարել են այդ պատնեշը. Դաշնակցությունն ինքնուրույն է մասնակցում ընտրություններին, այլ ոչ թե Սամվել Բալասանյանի դաշինքի հետ: «Դա բոլորի համար անակնկալ եղավ: Դաշնակցությունը նախ և առաջ գնում է ընտրությունների իր թիմով և առանձին: Կարևոր պահերից մեկը այն է, որ ՀՅԴ-ն չի զիջելու իր դիրքերը»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք կաշկանդված չեն լինելու խոսել Բալասանյանի բացթողումների մասին, ի դեպ, ինքը բազմիցս խոսել է Գյումրու խնդիրների մասին, այն ամենի մասին, ինչ կարելի էր անել, բայց չի արվել:

«Ի վերջո, քաղաքը բոլորինս է, և ոչ մեկս էլ մեզ վրա չպետք է վերցնենք այնպիսի մի դեր, որ չկարողանանք  իրականացնել: Եվ հարկավոր է ոչ թե խոսել, այլ գործել: Ամենազարմանալի և խղճուկ իրավիճակն այն է, որ այսօր քաղաքի մեջ կատարվող ցանկացած իրադարձություն, քանի որ Գյումրին երկրաշարժից հետո ավերված, կոտրված է, գյումրեցու համար դարձել է ուրախության աղբյուր»,- ասաց նա` հավելելով փողոց ասֆալտել` չի նշանակում լավ գործ անել, դրանով գյումրեցու հոգսերը չեն թեթևանում:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ  գյումրեցին պետք է հենց ՀՅԴ-ին վստահի, Նախշքարյանը նշեց, որ իրենց  թիմը ներկայանալի է, բոլորը գիտական աշխարհի և նմանատիպ պոտենցիալ ունեցող մարդիկ են,  կարող են «քաղաքի մատից փուշ հանել»:

«Այս պահին մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք գյումրեցու մեջ առաջին հերթին արթնացնել ժպիտը, որն այսօր չկա: Դաշնակցականները միշտ իրենց քայլերով փորձել են ամեն ինչ անել` քաղաքի ժողովրդի մեջ այս հատկությունը վերականգնելու համար, որովհետև Գյումրին ժպիտների քաղաք է եղել: Մեր ծրագիրն ամենալավն է և խելքին ամենամոտը»,- եզրափակեց Նախշքարյանը:

*

*