«Հայկական վերածնունդ»-ը դադարեցրեց բոյկոտը

Տեղի ունեցավ Գյումրու ավագանու՝ այս նստաշրջանի վերջին նիստը։
gyumri-avagani-nist
Արխիվային լուսանկար

«Հայկական վերածնունդ»-ը որոշել է մասնակցել Գյումրու ավագանու նիստերին: Հունիսի 5-ին գումարած ավագանու հերթական և այս նստաշրջանի վերջին նիստին «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներին միացել էին նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության 4 անդամները՝ Հասմիկ Եղիազարյանը, Սաշա Մարտիրոսյանը, Ավետիս Առաքելյանը և Հենրիկ Պողոսյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու ավագանու նիստերը ՏԻՄ ընտրություններից հետո անցնում էին միայն «Բալասանյան» դաշինքի ներկայությամբ: Ավագանու նիստից բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդ»-ը՝ որպես բոյկոտ ավագանու մանդատների բաշխման հետ կապված: «Բալասանյան» դաշինքի մանդատների թիվը թույլ էր տալիս մինչ այս քվորում ապահովել և ավագանու նիստերն անցկացնել:
Նշենք, որ Գյումրու ավագանու կազմը հստակեցվեց հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ-ի նիստի ժամանակ: Ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվեարկությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին:
Մինչ ավագանու բուն հարցերի քննարկմանն անցնելը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց ԲՀԿ-ից ավագանու անդամ ընտրված Վարդևան Գրիգորյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը՝ հիմք ընդունելով այն, որ Վարդևան Գրիգորյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և չի կարող միաժամանակ լինել նաև Գյումրու ավագանու անդամ և համատեղել այդ երկուսը: «Այս պահին մենք սպասում ենք թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմանը, որը կլինի այսօրվա ընթացքում»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ ներկայացնելով մեկ այլ փաստաթուղթ ևս՝ իրավաբանական բաժնի կողմից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայած 16 ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Սա լիովին համապատասխանում է տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ, 14-րդ, 70-րդ հոդվածների համապատասխան կետերին և Գյումրու ավագանու կանոնակարգի դրույթներին, սակայն ես որոշեցի այս նիստին հարցին ընթացք չտալ, նախագիծը չմտցնել ավագանու նիստի օրակարգ և ժամանակ տալ նիստերից բացակայած անդամներին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր իրենց բացակայությունները հարգելի որակելու համար՝ հարցը փոխանցվում է ավագանու հաջորդ նիստ՝ սեպտեմբերին»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ կրկին ողջունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամների ներկայությունը և հորդորելով մյուսներին հետևել նրանց քայլին:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստերը եւս բոյկոտվել են «Լուսավոր Հայաստանի»,  ԲՀԿ-ի և «Հայկական վերածնունդ»-ի կողմից։

*

*