«Քաղաքակիրթ աշխարհում գրագողության մեջ բռնվում են, հրաժարական են տալիս». ԱԺ-ում քննարկվում է դատավոր Ազարյանի հարցը

«Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջն արտագրել է...»

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկում է կազմակերպվել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով, տեղեկացնում է Aravot.amը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ այս քննարկման հիմքում դատավոր Ազարյանի հետ կապված աղմուկ բարձրացրած հարցն է: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ քաղաքակիրթ աշխարհում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք գրագողության մեջ բռնվում են, հրաժարական են տալիս, որովհետեւ չեն ընկալվում այլեւս որեւէ կերպ հասարակության կողմից:

Նա ասաց, որ հիմա խնդիրը քննարկելու են համընդհանուր, ոչ թե մեկ դեպքի հետ կապված, բայց չեն կարող շրջանցել Ազարյանի թեման. «Մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինքը հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում, առաջինը՝ երբ վարչապետը հրաժարական կտա: Համացանցում սկսեցին խոսել դատավորի էթիկայի մասին, կարճ ժամանակ անց իր հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց, որ ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը՝ ըստ էության, նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին, կարծում եմ, նաեւ ինձ: Կարծում եմ, հարգարժան դատավորը որեւէ կասկած չունի, որ առնվազն նույն ոճով ես կարող եմ պատասխանել իրեն, բայց զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց եւ հույս ունեմ, որ դատավորները կհիշեն էթիկայի մասին»:

*

*