Մենք հեղափոխություն չենք խոստացել մեր ընտրողներին. Գևորգ Գորգիսյան

Իրենք չեն հավատում այն ճանապարհային քարտեզին, որը առաջ է քաշել «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
gevorg-gorgisyan

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ փողոցային պայքարի դուրս չգալու դեպքում ընտրողները կհիասթափվեն իրենց գործունեությունից, հայտարարեց, որ իրենք երբեք ընտրողներին հեղափոխություն չեն խոստացել:

«Մենք մեր ընտրողներին երբեք չենք խոստացել, որ հեղափոխություն ենք անելու, մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել, ինչի շնորհիվ անցել ենք խորհրդարան, և այստեղ պաշտպանել իրենց շահերն ու բարձրացրել իրենց մտահոգող բոլոր խնդիրները: Այդ գործունեությամբ էլ զբաղված ենք ամեն օր, ամեն օր կապի մեջ ենք մեր ընտրողների ու համակիրների հետ, և չեմ կարծում, որ նրանց մոտ մեր հանդեպ հիասթափություն կլինի»:

Գորգիսյանը նկատեց, որ կան մարդիկ, ովքեր երբեք էլ չեն հավատացել իրենց արժեքներին ու չեն կիսել իրենց մոտեցումները: «Նրանք միշտ մեզ քննադատել են ու հիմա էլ շարունակում են քննադատել:  Նրանք այն մարդիկ են, ովքեր ընտրությունների չեն էլ գնում ու փոփոխությունների միակ ճանապարհը զինված հեղափոխության մեջ են տեսնում: Ես դրան չեմ հավատում, ու երբեք չենք դավաճանելու մեր արժեքներին»,- նշեց Գորգիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որ պարագայում «Լուսավոր Հայաստան»-ը կմիանա «Քաղաքացիական պայմանագրի» փողոցային պայքարին, Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք չեն հավատում այն ճանապարհային քարտեզին, որը առաջ է քաշել «Քաղաքացիական պայմանագիր»-ը: «Այն ճանապարհային քարտեզը, որը մեզ ներկայացվել է, դրանում բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում ու չենք պատրաստվում այս պահին միանալ այդ պայքարին: Թեև մեր գործընկերներն ամբողջ հոգով-սրտով հավատում են դրան, մենք այդ ճանապարհով ինչ-որ բան փոխելուն չենք հավատում»,- նշեց Գորգիսյանը:

*

*