Կիրո Մանոյան. «Գերմանիան մի շարք այլ պետությունների կարևոր բան է ցույց տալիս»

Երեկ իսկապես շատ կարևոր օր էր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն։
kiro-manoyan

yerkir.am — Երեկ իսկապես շատ կարևոր օր էր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նկատի ունենալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Գերմանիայի նման ազդեցիկ եվրոպական պետությունն է այսպիսի որոշում կայացնում, թեև Գերմանիայի նախագահը դեռևս անցյալ տարի էր խոսել այդ մասին ու ասել, որ եղածը Ցեղասպանություն է: Թուրքիան ամեն ճիգ ու ջանք գործի դրեց, որ նման որոշում չկայացվի, սակայն, Գերմանիայի խորհրդարանը համարյա միաձայն որոշեց որդեգրել այդ բանաձևը»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով`այդ բանաձևում կան մի շարք կարևոր շեշտադրումներ: «Խոսվում է Թուրքիայի այսօրվա սերնդի պատասխանատվության մասին և ակնկալվում, որ այսօրվա Թուրքիան էլ պատասխանատվության բաժին ունի: Անդրադարձ կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և Գերմանիան հանձն է առնում այդ ուղղությամբ աշխատանք տանել և իր կառավարությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով` Գերմանիան մի շարք այլ պետությունների կարևոր բան է ցույց տալիս: «Հիշենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իսրայելը նման որոշում չեն կայացրել»,- նշեց նա:

Մանոյանի բնորոշմամբ՝ Թուրքիայի հակազդեցությունը խուճապահար կեցվածք ունեցողի հակազդեցություն է: «Դեսպանը հետ կանչվեց: Թուրքական մամուլը նույնպես խուճապի մեջ է, գերմաներեն վերնագրերով նյութեր են հրապարակվում, թե Հիտլերի թոռներն իրենց մեղադրում են Ցեղասպանության մեջ»,- հայտնեց նա և ընդգծեց՝ այս առիթով Եվրահանձնաժողովը Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել, որ լրջորեն հետամուտ լինել իրենց հարաբերությունների կարգավորմանը:

Ըստ Մանոյանի՝ սա ավելի շատ  ուղղված է Թուրքիային, սակայն այդ երկրի պահվածքն անփոփոխ է: «Թուրքիան կրկնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա: Թուրքիայի կողմից որևէ դրական բան ակնկալել չի կարելի»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևին հաջորդի ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունում, Մանոյանը պատասխանեց, որ Գերմանիայի կողմից նման նախաձեռնություն ակնկալելուց առաջ պետք է սպասենք, թե Ֆրանսիայում ինչ կլինի: Ընդ որում` հավելեց, որ եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը մնար Գերմանիայի կառավարության որոշմանը, այդպես էլ կմնար:

Անդրադառնալով Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին` Մանոյանը նշեց. «Ինչպես բոլոր նման բանաձևերի դեպքում, Թուրքիան ինչ էլ անի, ինքան էլ նեղանա, այդ հարաբերությունները կշարունակվեն այնպես, ինչպես կան: Եթե Թուրքիան հարաբերությունների մակարդակն իջեցնի, կնշանակի, որ իր շահերին է հարվածում»:

*

*