«Գելլափ»-ի էքզիթ փոլի արդյունքներով՝ ԱԺ-ում կլինի 4 ուժ

Րոպեններ առաջ մեր հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացվեց «Գելլափ»-ի էքզիթ փոլի արդյունքը։

«Երկիր Մեդիա»-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ-ում պառլամենտական ընտրությունների ընթացքում իրականացվել է ելքի հարցում (Exit Poll)` որպես 2017թ. ընտրական շրջանի հանրային կարծիքի ուսումնասիրության ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2017-ի ապրիլի 2-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:

Քվեարկության օրը մոտ 30 000 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 13 ընտրատարածքներում, Երևանի և մարզերի 125 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ և ծրագրի ղեկավարներ:
Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը և ներկայացնեն մարզերը, քաղաքային ու գյուղական վայրերը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափերին (ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թվաքանակին):

Քվեարկությունը կատարած և ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը, որտեղ նշել են` թե որ կուսակցության և որ տարածքային թեկնածուի համար են նրանք քվեարկել: Հարցաթերթիկը լրացնելուց հետո հարցվողին խնդրել են այն տեղադրել ելքի հարցման համար հատուկ նախատեսված արկղի մեջ: Այսպիսով` հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր: Հավաքված տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար էլեկտրոնային միջոցներով ուղղակիորեն յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երևան` հետազոտական կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել և վերլուծել են` հատուկ մշակված մասնագիտական ծրագրով:

Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից դուրս եկող յուրաքանչյուր 7-րդ ընտրող:

Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2017թ. ապրիլի 2-ի պառլամենտական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես.

«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն 46% 
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք 25%
«Ելք» կուսակցությունների դաշինք 10%
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 5%
«Հայկական Վերածնունդ» կուսակցություն 4%
«Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք 3%
«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք 3%
«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն 2%
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 2%
Պատասխան չկա 2%

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացրել է Baltic Surveys/The Gallup Organization-ի և Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է և Baltic Surveys/The Gallup Organization-ը Հայաստանում աշխատող ամենափորձառու միջազգային կազմակերպությունն է, որը 2005-ից մինչև այսօր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ իրականացրել է 20 հետազոտական ծրագրեր:

*

*