«Բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնց պետք է լուծում տանք». Գեղարքունիքի մարզպետ

Նորանշանակ մարզպետը ճանաչողական հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ
Ishkhan-Saghatelyan

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում է ունեցել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է իր կենսագրությունը, շեշտելով, որ որոշ պաշտոններում ինքն աշխատել է նաեւ հասարակական հիմունքներով, սակայն քաղաքական ոլորտում ունեցած փորձը համարում է բավարար՝ պետական կառավարման ոլորտում նկատելի ձեռքբերումների հասնելու համար:

«Ես գիտեմ, որ մարզում նախկինից կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնց պետք է լուծում տանք թիմային արդյունավետ աշխատանքով: Կանխակալ մոտեցում չենք ցուցաբերի ոչ մի աշխատակցի նկատմամբ եւ առաջին հերթին հաշվի կառնենք նրանց մասնագիտական հմտություններն ու որակները: Բնական է, որ մենք մարզը կկառավարենք ոչ թե մարզպետարանի պատուհանից, այլ՝ համայնք առ համայնք, կազմակերպություն առ կազմակերպություն այցելելով, տեղում հիմնախնդիրներին ծանոթանալով ու արդյունավետ լուծում գտնելով: Մեր աշխատանքներում կներգրավենք նաեւ հասարակական կազմակերպություններին, հանրության առողջ ու գիտակ ուժերին: Միասնական մենք պետք է լուրջ հիմքեր դնենք ու անվարան գնանք առաջ՝ արդարացնելով մեզ տրված վստահությունը եւ մեր ժողովրդի սպասելիքները»,-նշել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը:

*

*