Գարեգին Բ-ն շնորհավորել է նորընտիր վարչապետին

Հուսալով, որ նա կնպաստի երկրում կայունության հաստատմանը...
garegin-b

Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

«ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը:

Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում:

Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»,-մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Հաջողություններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբությունը հայցել է Բարձրյալին խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց երկիրն ու հավատավոր ժողովրդին:

*

*