Ժան Ֆրանսուա Շարպանտիե. «Անվտանգության մեխանիզմների տեղադրումը շատ կարեւոր միջոցառում է բանակցային գործընթացի հեռանկարում»

Լրագրողների խնդրանքով Ժան Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
jan-fransua-sharpantie

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին լրագրողները հարց էին ուղղել օրերս ավարտված «Եվրո-2016»-ից: Ժան Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի հավաքականի պարտությունից մի փոքր տխրել է, բայց փիլիսոփայորեն է վերաբերվում դրան: Ասում է՝ «խաղը մնում է խաղ»:

Ի դեպ, դեսպանն այսօր լրագրողներին հանդիպել է ուրախ առիթով՝ հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնն է: 1789 թվականին Բաստիլի ամրոցի գրավմամբ սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունն, ինչի արդյունքում Ֆրանսիայում կործանվել է բացարձակ միապետությունը:

«Դրանից հետո իշխանությունը վերին օղակից փոխանցվեց ժողովրդին: Մշտական երկխոսությունն իշխանության եւ հասարակության միջեւ ժողովրդավարության կարեւորագույն ուղերձն է»,- ասել է դեսպան Շարպանտիեն:

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Ֆրանսիացի դիվանագետի գնահատմամբ, անվտանգության մեխանիզմների տեղադրումը շատ կարեւոր միջոցառում է բանակցային գործընթացի հեռանկարում, եւ այս հարցում համանախագահող երկրների միջեւ անհամաձայնություն չկա: Դեսպանը խոսել է նաեւ Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին:

«Ֆրանսիան միշտ պատրաստակամ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ թնջուկի շուրջ լուծումներ գտնելու համար: Մինսկի խմբի համանախագահող երկրները աչալուրջ հետեւում են գործընթացին: Վարշավյան գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահը առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, եւ օրակարգային հարցը դարձյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր: Սա խնդրի կարգավորման հնարավորությունները օպտիմալացնելու տարբերակ է»,- ասել է Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

*

*