Ֆրանսիայի դեսպանը կարեւորել է զինադադարի ռեժիմի խախտումների հետաքննական մեխանիզմների ներդրումը

«Պետերբուրգում կայացած հանդիպման կարեւոր սկզբունքը կանոնավոր հանդիպումներին ձեռնամուխ լինելն է»,- նշեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները: Դրանք, ըստ դեսպանի, եթե ոչ խորը բովանդակային բանակցությունների, ապա գոնե զրուցելու, միմյանց դիրքորոշումները հասկանալու առիթ են տալիս:

Շարպանտիեն կարեւորել է զինադադարի ռեժիմի խախտումների հետաքննական մեխանիզմների ներդրումը:

«Եթե վստահություն, որպես այդպիսին, չի հաստատվում, խաղաղությունը դյուրաբեկ է լինում»,- ասել է դեսպանը:

Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ հունիսի 20-ին Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը կարեւոր է, որովհետեւ ընդգծում է պարբերաբար հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

«Չխորանալով հարցի էության մեջ՝ շատ կարեւոր է 2 նախագահների հանդիպման փաստը: Տեղի է ունենում շփում, զրույց, որն ուղղված է վստահության միջոցառումների հաստատմանը: Առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում, չկա մեկը մյուսին ճանաչելու, դիրքորոշումները հասկանալու հնարավորություն: Ձեռնամուխ լինել կանոնավոր հանդիպումներին. սա է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման կարեւոր սկզբունքը»,- նշել է դեսպանը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաեւ դժգոհություններին, թե Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը դժվարությամբ է մուտքի վիզա տրամադրում: Դեսպանը չի բացառել, որ խնդիրներ, գուցե, եղել են, բայց հիմա այդ խոսակցություններն անհիմն են: Կարճաժամկետ՝ 3 ամսով տրվող վիզայի համար դիմումների միայն 16.5 տոկոսն է մերժվում: Իսկ 2015 թվականից վիզաների հայտերն ուսումնասիրելու ժամկետը մեկ օրով կրճատվել է: Ֆրանսիայի դեսպանը նաեւ ներկայացրել է, իր խոսքով, շատ անհանգստացնող մի ցուցանիշ. անկախացումից հետո Հայաստանում կտրուկ նվազել է ֆրանսերենով հետաքրքրվողների թիվը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները