Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրակարգը

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով։
frankofonia

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին` Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով:

Հոկտեմբերի 8-9-ն անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը:

Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը:

Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու  գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։

Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքի ձեւավորման գործում։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը:

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի ԳարդոնԶազը:

Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:

Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի տարբերանշանն է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

*

*