«Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում»․ Մակրոն

Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի բացման արարողությանը:
macron-pashinyan-frankofonia

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բացման արարողությանը: Ֆրանսիայի նախագահն իր ելույթը սկսեց Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելով: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում»,- ընդգծեց Էմանուել Մակրոնը:

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով, որ նա Հայաստանի, Ֆրանսիայի, Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշն է: «Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ  մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը, ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր».- ընդգծեց Մակրոնը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ Երևանում այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: «Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար:  Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ,  այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը:  Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր  տեսլականը պարբերաբար  վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը,  խաղաղությունը, արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասաց Մակրոնը:

Նա հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը կազմակերպվում է մի յուրահատուկ պահի, երբ տեսանելի են աշխարհում տեղի ունեցող հսկայական փոփոխություններ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում:

«Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ: Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը: Ֆրանկոֆոնիան չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր, այլ  այն արժեքների հարթակը, որոնց շուրջ իրենք միավորվել են»:

*

*