ԵԽԽՎ-ում պատվիրակներն առաջարկել են Թուրքիայում մշտադիտարկում իրականացնել

Թուրքիայում ժողովրդավարության վիճակն ուսումնասիրած սերբ եւ նորվեգացի համազեկուցողները ընդունում են, որ այս երկիրը դժվար ժամանակներ է ապրում
    
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկել է Թուրքիայում ժողովրդավարության վիճակին անդրադարձող զեկույցը: Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները 3 խնդիր են առանձնացրել. մարդու իրավունքների խախտումներ, ազատ խոսքի սահմանափակում, դատական համակարգի անկախություն: Զեկույցում ներկայացված իրավիճակը մտահոգիչ է եղել այնքան, որ որոշ պատվիրակներ, Թուրքիան ուշադրության կենտրոնում պահելու համար, առաջարկել են այստեղ մշտադիտարկում իրականացնել: Ադրբեջանցի եւ թուրք պատգամավորները դարձյալ հանդես են եկել տանդեմով՝ պաշտպանելով Թուրքիայի նախագահ Էրդողանին ու նրա իշխանությունը:
    
Թուրքիայում ժողովրդավարության վիճակն ուսումնասիրած սերբ եւ նորվեգացի համազեկուցողները ընդունում են, որ այս երկիրը դժվար ժամանակներ է ապրում. միլիոնավոր փախստականներին տեղավորելու խնդիր ունի, ահաբեկչություններից աչք չի բացում: Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող բազմաթիվ պատգամավորներ, նրանց թվում նաեւ ծագումով հայ Մարգար Եսայանը հենց սրանցով են պայմանավորում Թուրքիայի ներքին խնդիրները: «14-15 տարի առաջ, մինչեւ բարեփոխումները, վիճակը այլ է, հիմա փոխվել է»-հայտարարեց Եսայանը:
«Փարիզից ու Ստրասբուրգից Թուրքիային նայելով՝ մի բան եք տեսնում, լինեք տեղում՝ այլ պատկեր կտեսնեք: Մատով Էրդողանին ցույց տալը չի բարելավի Թուրքիայի ու ԵԽԽՎի հարաբերությունները»,- ավելացրեց նա: Համազեկուցողները արձանագրում են, որ իր քաղաքացիների պաշտպանության խնդիրը Թուրքիան պետք է լուծի՝ հետեւելով միջազգային չափանիշներին: Այդ չափանիշները, նրանց դիտարկումներով, խախտվում են հատկապես երկրի հյուսիսարեւելյան հատվածում: 
 
«Անվտանգության նկատառումներով այստեղ պարետային ժամ է սահմանված, ինչը, Վենետիկի հանձնաժողովի գնահատականով, չունի իրավական հիմք: Սահմանափակված է հազարավոր քաղաքացիների ազատությունը, խախտվում են մարդու տարրական իրավունքները: Կոչ ենք անում պահպանել ազատության եւ անվտանգության բալանսը»,- ասաց ԵԽԽՎ-ում  Ադրբեջանի հարցով համազեկուցող Ինգիբոր Գոդսքսը:
Համազեկուցողները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին հետաքննել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, դադարեցնել բռնությունը: ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավարը հակադարձում է՝ ժողովրդավար լինելու համար կայունություն է պետք, մինչդեռ իրենք անընդհատ ահաբեկչությունների են ենթարկվում: Նա մեղադրեց ԵԽԽՎ-ին, թե չեն գիտակցում խնդրի լրջությունը
«Սա միայն մեր խնդիրը չէ: Պայքարը ահաբեկիչների դեմ՝ բխում է ոչ միայն մեր շահերից: Մենք ընդունում ենք հնչած քննադատության մի մասը, ակնկալում կառուցողական մոտեցում ու հավասարակշռված զեկույց: Բայց իրավիճակը այնպես է նկարագրված, ասես պետական հեղաշրջումը հենց նոր է ավարտվել մեր երկրում»,- ասաց ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Թալիփ Քյուչյուքջանը:
ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց է. ընդունում է, որ կան աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարություններ, բայց հորդորում է՝ դրանցով չպայմանավորել քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումները:
 
«Թուրիքան հեռանում է մեր արժեհամակարգից: Ոչ ոք չի հերքում, որ կան խնդրներ, բայց հետադիմական արձագանքները, որ տրվում են պաշտոնական Անկարայից, չեն կարող մեզ գոհացնել: Ցենզուրա, դատական համակարգի կախվածութուն…մեր վեհաժողովը պետք է սթափ վերաբերվի Թուրքիայում առկա իրավիճակին: Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին գիտակցել խնդրի լրջությունը:  Անունը դնելով պայքար ահաբեկչության դեմ՝ Թուրքիայի իշխանությունները կարող են ահաբեկիչ համարել իրենց ընդդիմացող յուրաքանչյուր անձի»,-իր ելույթում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Անդրադարձավ քառօրյա պատերազմի օրերին Թուրքիայի նախագահի պահվածքին:
 
«Էրդողանը միակ մարդն էր, ով հայտարարեց, թե աջակցում է Ադրբեջանին, երբ այդ երկիրը ռազմական ագրեսիա էր իրականացնում Ղարաբաղում: Այս հայտարարությամբ նա խորացնում է Թուրքիայի պատասխանատվությունը նաեւ Հայոց ցեղասպանության նկատմամբ պատասխանատվության խնդրում:  Արտաքին ու ներքին խնդիրները Թուրքիայում լարված են այնքան, որ կարելի է այս երկրում նորից մշտադիտարկում իրականացնել,-առաջարկեց Արմեն Ռուստամյանը,- դրանից որեւէ երկիր դեռ չի տուժել»:

*

*