ԵԽԽՎ-ի սլովակ պատգամավոր․ «ՀՀ նախագահն արձագանքեց խաղաղ և ողջամտորեն»

Պատգամավորը «Ֆեյսբուք»-ում գրել է․ «Աղոթում եմ Հայաստանի համար»
slovak-patgamavor

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Լյուբոշ Բլահան Հայաստանն օրինակելի պետություն է համարում, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից՝ խաղաղ և ողջամիտ:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Բլահան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսքի իրավունք էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտեի մեր հարգանքը, բարեկամությունը և աջակցությունը Հայաստանին։ 2004 թ. Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձևով դատապարտեց թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայերին աջակցել եմ նաև Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ…

Ցավոք սրտի, ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին և ահա, այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն: Հայերը համարձակ ժողովուրդ են, ու շատ են տառապել: Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաև սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն… Աղոթում եմ Հայաստանի համար»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել հունվարի 24-ին և պատասխանել պատգամավորների հարցերին:

*

*