ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը

Դեմ է եղել միայն ադրբեջանական պատվիրակությունը
exxv

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

«Տևական, համակարգված ու թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց ոչ միայն չեզոքացնել ի սկզբանե զեկույցի նախագծում առկա խնդրահարույց ձևակերպումները, որոնք վերաբերում էին ՀՀ-ին ու Արցախին, այլև հասնել նրան, որ ընդունված բանաձևում, ըստ էության, արձանագրվեց, որ վեհաժողովը ողջունում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու ԵԽ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

Բանաձևի քվեարկության արդյունքները առավել քան խոսուն են. բանաձևին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը, կրկին իրեն հակադրելով Վեհաժողովին և սրելով իր մեկուսացվածությունը ԵԽԽՎ-ում»,- գրել է պատգամավորը:

*

*