Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Սեյրան Օհանյան. «Մեր հանդիպումների ձեւաչափը յուրահատուկ հնարավորություն է քննարկելու ակտուալ հարցերը»

Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ Այն անցկացվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ներքո: Երեւանում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ կառույցի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Նիստից հետո լրագրողների հետ ասուլիսում նիստի հետ կապված կարճ մեկնաբանություն է տվել միայն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թեեւ ասուլիսին ներկա է գտնվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Սեյրան Օհանյանի տեղեկացմամբ, նիստում քննարկված հարցերի մի մասը կապված էին կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ ռազմական համագործակցության կատարելագործման, հակաօդային պաշտպանության հետ։ Իսկ հաջորդ հանդիպումը նույնպես տեղի է ունենալու Երեւանում՝ հոկտեմբերին։

«Մեր հանդիպումների ձեւաչափը յուրահատուկ հնարավորություն է քննարկելու ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում,  ու հստակեցնելու հետագա աշխատանքը ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը մենք արեցինք օրակարգի շրջանակներում»,- նշեց Սեյրան Օհանյանը:

*

*