Դավիթ Բաբայան. «Հանդիպումները թույլ են տալիս՝ գործընթացը լինի շարունակական»

Ստեփանակերտում կարևորում են ապրիլի 28-ին կայանալիք արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:
davit-babayan-adrbejan-smerch

Ստեփանակերտում կարևորում են ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ իրենք արժևորում են նմանատիպ ցանկացած հանդիպում` նկատելով, որ ընդհանրապես նման հանդիպումները պետք չէ դիտարկել լոկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման տեսանկյունից:

«Համապարփակ կարգավորման համար երկար ժամանակ է պետք, մեծ ջանքեր են պետք, ահագին խնդիրներ կան: Այս ամենը պետք է հաշվի առնել: Դրա համար նման հանդիպումները մենք պետք է դիտարկենք մի փոքր այլ տեսանկյունից: Ամենակարևորը` տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից պետք է դիտարկենք և ընդհանրապես՝ կարգավորման խաղաղ գործընթացի շարունակականության տեսանկյունից: Եթե նման հարթությունում դիտարկենք, իհարկե, շատ կարևոր է ցանկացած այդպիսի հանդիպում»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` այդպիսի հանդիպումները թույլ են տալիս, որպեսզի գործընթացը լինի շարունակական, երկրորդը` կողմերը, թեպետ ոչ լիարժեք կազմով, բայց քննարկում են տարածաշրջանում առկա վիճակը:

«Դրան գումարած` ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ երկրները իրենց կարծիքն են հայտնում և ևս մեկ անգամ կարևորում են հակամարտության խաղաղ կարգավորումը, կայունության և խաղաղության պահպանումը»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ունեն միասնական կարծիք:

«Նրանք երկրագնդի տարբեր վայրերում ունեն խնդիրներ` իրարամերժ, նույնիսկ որոշ վայրերում հակամարտ քաղաքականություն են վարում, սակայն այս տարածաշրջանում բոլորի ազգային և ընդհանրապես մարդասիրական շահերից բխում է, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը»,- եզրափակեց Բաբայանը:

*

*