ԸՕ բարեփոխումների համաձայնագիրը կբարձրացնի հանրային վստահությունը. ԵՄ ներկայացուցիչ

Ըստ համաձայնագրի՝ կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև կտեղադրվեն տեսախցիկներ և ընտրական ողջ գործընթացը կտեսանկարահանվի:
@ntrakan-orensgirq

Հայաստանի Հանրապետությունում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է:

Ինչպես տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը:

«Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված  տեխնիկական բաղադրիչը:

Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով»,- ասված է Մայա Կոչիյանչիչի հայտարարության մեջ:

Ազգային ժողովի 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 13-ին ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայնընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ և ընտրական ողջ գործընթացը կտեսանկարահանվի:

*

*