Ստորագրված ընտրական ցուցակները այլեւս կհրապարակվեն

Ազգային ժողովի 5 քաղաքական խմբակցություններ ստորագրեցին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:
aj-2015-kataroghakan

Ազգային ժողովի 5 քաղաքական խմբակցություններ ստորագրեցին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փաստաթղթի ստորագրումից առաջ  ազդարարեց, որ ստորագրում են մի համաձայնություն, որն այլևս «եթե»-ներից կախված չէ:

«Ես կցանկանայի մեր հասարակությանն ասել հետևյալը՝ այն, ինչ թվում էր անհավատալի, այն, ինչ երկար տարիներ իշխանություններից  պահանջում էին քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիրները, այդ հարցն արդեն լուծվում է: Այսօր այդ անհավատալին դառնում է իրականություն: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս գործընթացի բոլոր մասնակիցներին, որովհետև բոլորի կամքը հանգեցրեց նրան, որ մենք ստորագրում ենք այս փաստաթուղթը: Ես չեմ կարող չխոսել նաև իշխանությունների քաղաքական կամքի մասին: Որքան էլ մենք հակասություններ ունենք, ես չեմ կարող դա չնշել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում ակտիվ աշխատել են մեզ հետ: ՀԱԿ-ը պատրաստ է վերջնականապես ստորագրել այս համաձայնագիրը: Ես համոզված եմ, որ անմիջապես կլինի միջազգային արձագանք: Ես ցանկանում եմ, որ բոլորն ընկալեն, որ սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, դրա համար մենք պետք է երկար պայքարենք, սակայն սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել ազատ արդար ընտրությունների իրողությունը Հայաստանում: Մեր պայքարը շարունակվելու է, որտեղ շատ կարևոր է լինելու նաև քաղաքացիական հասարակության դերը: Հիմքը դրված է, ես էլ ասում եմ առաջ դեպի ազատ և արդար ընտրություններ, որին մենք պետք է հասնենք ծանր պայքարի արդյունքում»,— նշեց Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գոհունակություն հայտնեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հասնել համաձայնության, որի արդյունքում հնարավոր կլինի ավելի լուրջ վերահսկողություն սահմանել ընտրական գործընթացի նկատմամբ: Նա հույս հայտնեց, որ կատարվելիք բարեփոխումները հնարավորություն կտան վերջ դնել ընտրությունների ժամանակ արձանագրվող բազմաթիվ արատավոր երևույթների:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ դրական ձեռքբերում համարեց այն հանգամանքը, որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները: Նա նշեց, որ դա լուրջ մեխանիզմ է ընտրական գործընթացները վերահսկելու համար, սակայն հավելեց, որ տեխնիկական վերահսկողության մեխանիզմների բարելավման կարիք ևս կա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կարևորեց ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքով՝ առաջիկայում ևս քայլեր պետք է ձեռնարկվեն ընտրական օրենսգիրքն ավելի բարեփոխելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, ինչի արդյունքում հանրության մոտ կվերանան բոլոր կասկածները ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ: «Ես համաձայն եմ, որ ընտրական օրենսգիրքը դաշտ է ստեղծում, սակայն արդար ընտրությունների երաշխիք չի ապահովում: Դրա համար մեր ակտիվությունն է պետք: Մենք առաջիկայում լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի այն, ինչ ստեղծել ենք իրավական առումով, իրականություն դառնա և թղթի վրա չմնա: Ես ողջունում եմ բոլոր կողմերի կամքը և ցանկությունը, որոնց աշխատանքի արդյունքում այս գործընթացը փակուղի չմտավ: Եթե այս ոգով շարունակենք, մենք մեր երկրում կունենանք ազատ և արդար ընտրությունների անցկացման կայուն ավանդույթ»,- եզրափակեց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը համաձայնությունը կարևորեց քաղաքական երկխոսության առումով:  «Մենք ունենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ, ինչը ժողովրդավարության հիմքն է, և այն հանգամանքը, որ  մեզ հաջողվել է երկխոսել, սա ամենակարևորն է: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում երկխոսելու կարողությունը կշարունակվի: Քաղաքացիական հասարակությանն եմ ցանկանում շնորհակալություն հայտնել, քանի որ նրանց հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ավելի բարելավել այս փաստաթուղթը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զուրաբյանին, ում ակտիվ ջանքերը արդյունք դարձան այս երկխոսության: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մյուսներին, ովքեր մասնակցել են քննարկումներին և նպաստել են երկխոսության կայացմանը: Առաջին ձախողումը եղավ տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն մենք կարողացանք գտնել լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այս խութը և առաջ գնալ»,- ասաց Հարությունյանը:

Նիստին ներկա էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները