Ադրբեջանական լրատվամիջոցները իրավապաշտպան Էմին Հուսեյնովին մեղադրում են հայերի հետ ընթրելու համար

Հնարավոր է մեղադրվի պետական դավաճանության մեջ
emin-huseynov

Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

Հնարավոր է, որ Հուսեյնովը հայերի հետ ունեցած հանդիպումների և ընթրիքի պատճառով ենթարկվի հետապնդումների և մեղադրվի «պետական դավաճանության» մեջ, ինչպես նախկինում արվել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների օգտին հանդես եկած ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի պարագայում:

*

*