ԵՄ-ն ՀՀ-ին հավելյալ ֆինանսական օժանդակություն կտրամադրի․ Յոհաննես Հան

«Մարդիկ այսօր ավելի քան հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ կատարեն»:

Եվրոպական Միությունը Հայաստանի Հանրապետությանը հավելյալ ֆինանսական օժանդակություն կտրամադրի 2018թ. ժողովրդավարության ու իրավունքի գերակայության բնագավառներում հատուկ ձեռքբերումների համար: Այս մասին հունվարի 29-ին արտաքին գործերի նախարարությունում նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է իրավունքի գերիշխանության և ժողովրդավարության բնագավառում հատուկ ձեռքբերումներին: Ես հայտարարում եմ, որ այս տարի լրացուցիչ օժանդակություն կլինի որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար: Շատ կարևոր է երկրում ձևավորված դրական տրամադրությունը: Մարդիկ այսօր ավելի քան հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ կատարեն: Մենք քննարկեցինք ներդրումային համաժողով իրականացնելու հնարավորությունը, որը եվրոպական ներդրողներին կծանոթացնի Հայաստանում առկա վիճակին»,- ասաց ԵՄ հանձնակատարը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Յոհաննես Հանի հետ առանձնազրույցի ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տարբեր հարցեր են քննարկել:

«Բավական հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք հանձնակատարի հետ: Վերջինս արդեն առիթ ունեցավ հանդիպելու վարչապետի, նախագահի հետ, մենք շատ գործնական քննարկում ունեցանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ: Մեր քննարկման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին: Մեր հարաբերությունների հիմնական իրավական հիմքը մնում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Քննարկեցինք մի շարք ծրագրեր, որոնք իրականացնելիս կարող ենք օգտվել համաձայնագրի ընձեռած գործիքներից»,- նշեց նախարար Մնացականյանը:

ԵՄ հանձնակատարը հավելեց, որ քննարկվում են մի շարք ուղղություններ, որտեղ Եվրոպական Միությունը կարող է օժանդակել Հայաստանին:

«Մեր ամբողջ համագործակցության հիմքում կուռ մի համակարգ է: Այսօր 300 մլն եվրոյի ծրագրերի իրագործման փուլում ենք, ևս 100 մլն-ի ծրագրեր ճանապարհին են: Կառավարության հետ աշխատում ենք, որպեսզի առանձնացնենք հետագա համագործակցության ոլորտները: Վերջերս ստորագրել ենք փաթեթ, որը վերաբերում է կրթության ոլորտի զարգացմանը: Այն 23 մլն եվրոյի ծրագիր է: Մենք արդեն մեծ ներդրում ունեցել ենք կրթության մեջ, և դա անելու ենք նաև ապագայում»,- ասաց Հանը:

*

*