«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ». Պյոտր Սվիտալսկի

«Մենք կարող ենք օգնել Եվրոպայի հաջողված փորձով»
svitalski

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Անդրադառնալով անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցին, դեսպանը նշեց, որ ԵՄ ղեկավարների հայտարարություններից պարզ դարձավ, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում փոփոխությունները և պատրաստ է աջակցել բարեփոխումներին:

«ԵՄ ղեկավարության կողմից ՀՀ վարչապետին փոխանցվեցին ջերմ ու ընկերական ուղերձներ: ՀՀ վարչապետը ևս ուներ հնարավորություն իր ուղերձները փոխանցել: Մենք այստեղ ենք կառուցողական տրամադրվածությամբ հռչակագրային հայտարարությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար: Մեր պարտականությունն է հասկանալ, թե իրականության մեջ կոնկրետ ինչ գործողություններով, ինչպես կարող ենք աջակցել ՀՀ կառավարությանը»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, դեսպանն ասաց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը:

«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, նախարարների հետ, և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց, թե ինչպե՞ս օգնենք, ի՞նչ եք ակնկալում մեզնից, սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել: Մենք կցանկանայինք լսել մեր գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձևով ԵՄ-ն կարող է օգտակար լինել: Որոշ նախնական գաղափարներ ստացել ենք, կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Ինչ ենք լսել, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որպեսզի առաջ շարժվենք, անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ կոնկրետ գաղափարներ ստանանք: ԵՄ-ն կառուցողական է տրամադրված, հասկանում ենք, որ ՀՀ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, նախարարների մեծ մասը նոր են կառավարման համակարգում, նրանք պետք է նկատի առնեն, թե որն է լավ Հայաստանի համար: Կարող եմ ասել, որ, ինչպես և նախկինում, մենք՝ որպես ԵՄ, այստեղ՝ ՀՀ-ում, կառուցողական ենք տրամադրված: Ուստի, երբ կոնկրետ առաջարկություններ ունենանք սեղանին դրված, դա կքննարկենք»,- ասաց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ իրենք գործում ենք կոնկրետ շրջանակներում, և ԵՄ-ն բարդ կազմակերպություն է, որը հավանաբար որոշ մարդկանց համար դժվար է հասկանալ:

«Այս շաբաթ օրը մենք կազմակերպում ենք սեմինար ՀՀ պաշտոնյաների` նոր փոխնախարարների համար, օգնելու համար նրանց հասկանալ՝ ինչպես է ԵՄ-ն աշխատում, ինչ հնարավորություններ կան ԵՄ-ի հետ: Մեր հարաբերությունների իրավական և քաղաքական հենքը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է և գործընկերության առաջնահերթությունների փաստաթուղթը: Քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով, որը բանակցվել էր նախորդ իշխանության հետ, մենք պատրաստ ենք քննարկել գաղափարները, մեր կողմից կա լիարժեք բաց տրամադրվածություն՝ քննարկելու՝ ինչ կցանկանաք փոխել մեր հարաբերություններում»,- նկատեց Սվիտալսկին:

Դեսպանը պարզաբանեց, որ ԵՄ-ն աշխատում է երկարաժամկետ կտրվածքով, այդ թվում՝ նաև այն գործիքները, որոնք առաջարկվում են ՀՀ-ին, սահմանվում են յոթ տարին մեկ անգամ բազմամյա ֆինանսական շրջանակի միջոցով, ներկայիս շրջանակահատվածի ժամկետն ավարտվում է 2020 թվականին:

Ըստ նրա, այս յոթամյա ժամանակահատվածը բաժանվում է երկու ենթաժամանակահատվածների, որոնք անվանում են միասնական աջակցության շրջանակ:

«Սա մեր գործունեության ձևերի վերջն ու միակ ձևը չէ: Այս շրջանակը բաժանվում է ամենամյա գործողությունների ծրագրի: Մենք ակնկալում ենք, որ կստանանք կոնկրետ գաղափարներ ամենամյա գործողությունների վերաբերյալ այս տարվա համար, և այն կլրացվի այնպիսի բովանդակությամբ, որը համապատասխանի հայկական ակնկալիքներին և օրակարգին»,- նկատեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Այն դիտարկմանը, թե պարոն Սվիտալսկին ՀՀ կառավարության երիտասարդ կազմի վերաբերյալ թերահավատությո՞ւն է հայտնում, դեսպանը պարզաբանեց. «Կարող եմ ասել, որ ձեր նոր նախարարների հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո ստանում եմ էներգետիկա և լավատեսություն: Հասկանում եմ, որ նրանք մարդիկ են, որոնք միտված են փոփոխությունների: Որոշները փորձ չունեն, մինչդեռ պետական կառավարումը շատ բարդ գործ է: Երկու ամսվա աշխատանքի առումով կարող եմ ասել, որ նպատակադրված են և էներգետիկայով լի: Ես վատատես չեմ, մենք հավատում ենք, որ այս էներգիան լավ արդյունք կունենա: Ի վերջո, նրանք են ղեկավարում երկիրը, նրանք պետք է ընտրեն, թե ինչ փոփոխություններ կատարեն: Մենք կարող ենք օգնել Եվրոպայի հաջողված փորձով»:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին` դեսպանը նշեց, որ ԵՄ աջակցության առնչությամբ հայկական կողմն է իր ինքնիշխան որոշումը կայացնելու։
«Մենք հանձնառու ենք վճռական օգնություն ցուցաբերել հաջորդ ընտրություններին։ Սպասում ենք ներքին քննարկումների արդյունքներին: Մենք հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունները հեռու չեն, մենք եւս պետք է հավաքենք ֆինանսական այդ օգնությունը՝ հաշվի առնելով որ մենք աշխատում ենք ժամանակատար գործընթացներով, բայց մենք վճռական ենք կատարել ԵՄ պաշտոնյաների կողմից տրված խոստումները»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:

*

*