Հայաստանը մտադիր է ընդլայնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Էդվարդ Նալբանդյան

Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին
edvard-nalbandyan

Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրամիության հետ և մտադիր է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր շփումները, հանդիպումները, երկխոսությունները պարբերական բնույթ են կրում: Այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում: Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրապնդմանը և դատական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի հատուկ ընդգծել մեր համագործակցությունը նախորդ տարի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համապատասխան վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել»,- ասաց նախարարը՝  ընդգծելով, որ Հայաստանը միացել է «Հորիզոն 2020»-ին, ավարտվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Ընդհանուր ավիացիոն գոտու միանալու մասին» բանակցությունները, ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը:

Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել:

*

*