ԵՄ-ն Հայաստանին 7 մլն եվրո կտրամադրի ընտրական գործընթացի կազմակերպման համար

«Հետխորհրդային տարածքում երբևէ այսպիսի ներդրում չի կատարվել»,- շեշտեց Սվիտալսկին
yntrutyun

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելու է 7 միլիոն եվրո` ընտրական գործընթացի կազմակերպման նպատակով: Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 8-ին կայացած Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ:

«Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից նախատեսված գումարը այն արտաքին օժանդակության 90 տոկոսն է, որը տրամադրվելու է գալիք ընտրական գործընթացին: Սա աննախադեպ է Եվրամիության պատմության մեջ: Հետխորհրդային տարածքում երբևէ այսպիսի ներդրում չի կատարվել»,- շեշտեց Սվիտալսկին:

Նա կարծում է, որ արժե նման ռիսկի գնալ և նման ներդրում կատարել, քանզի ԵՄ-ն հավատում է, որ գումարը լավ նպատակի է ծառայելու:

«Կարծում եմ` Հայաստանում ընտրությունները կլինեն եվրոպական ստանդարտների ամենաբարձր մակարդակի վրա»,- նշեց Սվիտալսկին: Նրա համոզմամբ` հաջորդ ընտրությունները որոշիչ դեր են կատարելու Հայաստանի հետագա տնտեսական, քաղաքական զարգացման գործում:

«Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի նպատակն է բացահայտել արդյունավետ ուղիներ գործնականում լրատվամիջոցների և խոսքի ազատության պաշտպանության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահպանումն ապահովելու համար:

«Հատկապես Հայաստանի համար շատ կարևոր է խոսքի ազատությունը, քանզի մենք դանդաղորեն մոտենում ենք 2017 թվականի ազգային ընտրություններին և լավագույն պայմանները պետք է ստեղծվեն` ապահովելու խոսքի ազատությունը և մամուլի անկախությունը: Հուսով ենք, որ գալիք ընտրությունները կկազմակերպվեն լավագույն ձևով և կհամապատասխանեն եվրոպական ստանդարտներին»,- ընդգծեց Սվիտալսկին:

*

*