Քաղաքացին կարող է տալ իշխանություն եւ զրկել իշխանությունից

«Ելք» դաշինքը շարունակում է քաղաքացիներին ներկայացնել անկախ քաղաքացու մանիֆեստը:
hayk-konjoryan-elq

«Ելք» դաշինքը շարունակում է քաղաքացիներին ներկայացնել անկախ քաղաքացու մանիֆեստը: Թիվ երկու ընտրատարածքում դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Կոնջորյանը թիմակիցների հետ շրջել է իր ընտրատարածքում, քաղաքացիներին անհատապես ներկայացրել «Ելք»ի նախընտրական ծրագիրն ու գաղափարախոսությունը:

Նրա խոսքով, ուժեղ պետության հիմքն անկախ քաղաքացին է, այն քաղաքացին, որ կարող է տալ իշխանություն եւ զրկել իշխանությունից: Պատգամավորության թեկնածուն ընդգծել է, որ աղքատ եւ հուսալքված մարդը խոցելի է դառնում, իսկ վախի միջավայրն ու աղքատությունը ժողովրդավարության կայացման հիմնական խոչընդոտներն են դարձել:

Նա վստահեցրել է, որ իրենց թիմը եկել է կոտրելու ձեւավորված կարծրատիպերը. դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացին իրեն վեր դասի ընտրակաշառքից , արհեստական հեղինակություններից:

Դաշինքի ներկայացուցիչները համոզված են, որ երկրում ստեղծված իրավիճակից ելք կա: Հայկ Կոջոյանը նաեւ իր այցեքարտերն է տվել մարդկանց՝ հավատացնելով, որ պատգամավոր դառնալուց հետո էլ հասանելի է լինելու բոլորին, լսելու է նրանց, ու յուրաքանչյուր խնդիր դարձնելու է քննարկման առարկա Ազգային ժողովում:

«Որպեսզի ՀՀ-ն կայանա որպես հզոր պետություն, այդ պետության հիմքն անկախ քաղաքացին պետք է լինի եւ նա պետք է հռչակի, որ անկախ է երեք բանից՝ փողից, վախից, արհեստական հեղինակություններից: Ինչո՞ւ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ ընտրական գործընթացները Հայաստանում ձեւախեղվում են, կեղծվում են հենց փողի մոտիվացիայի շնորհիվ՝ ընտրակաշառքի պատճառով, վախի զգացումից ելնելով, որ իրենք, իրենց հարազատները կկորցնեն աշխատանքը եւ նաեւ արհեստական հեղինակությունների թելադրանքով, քանի որ մարդը կարող է դեմ գնալ իր խղճին, կամքին, որովհետեւ ինչ-որ հեղինակություն նրան ստիպում է այդ որոշումը ընդունել»,- ասել է ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ելք» դաշինք,   Հայկ Կոնջորյանը:

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*