Փոստանջյան՝ «Ելք»-ի նոր նախաձեռնությունը քրեորեն հետապնդելի է

Երևանի քաղաքապետի թեկնածուն այն կարծիքին է, որ «Ելք» դաշինքն անցել է իշխանությունների կողմը...
postanjyan

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քրեորեն հետապնդելի արարք է որակում «Ելք» դաշինքի նոր նախաձեռնությունը` ընտրակաշառքից հրաժարվող քաղաքացիներին 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն խոստանալու վերաբերյալ:

«Մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, նույնիսկ դատապարտում եմ, որովհետև մեր հանրային գումարները նպատակային պիտի ծախսվեն»,- մայիսի 10-ին  լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա կոչ արեց ընտրողներին քվեարկել ըստ իրենց խղճի և հրաժարվել ընտրակաշառքից, քանի որ, անկախ ամեն ինչից,  քվեարկության գաղտնիությունը պահպանվելու է:

«Այդ քվեարկությամբ մարդիկ կարող են իրենց վրեժը լուծել նրանցից, ովքեր իրենց գցել են նման վիճակի մեջ: Այդ 10000 կամ 5000 դրամը մահապատժից առաջ ընթրիքի կազմակերպում է: Նրանք պետք է հրաժարվեն ու վրեժ լուծեն այդ անձանցից», -նշեց  Փոստանջյանը:

Երևանի քաղաքապետի թեկնածուն այն կարծիքին է, որ «Ելք» դաշինքն անցել է իշխանությունների կողմը, երբ ճանաչել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով` «Ելք» դաշինքը, դեռ մի քննությունը չհանձնած, ձախողել է երկրորդը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրում նոր դրույթ է ավելացրել, որի համաձայն` ընտրություններում հաջողություն արձանագրելու և մեծամասնություն կազմելու պարագայում դաշինքը 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ընտրություններից հետո դիմում կգրեն և կհայտնեն այն մասին, որ չեն վերցրել իրենց առաջարկված ընտրակաշառքը և քվեարկել են «Ելք» դաշինքի օգտին:

*

*