«Ես պատրաստ եմ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ համոզողների թվում ես չկամ»

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ականները համոզում են Սերժ Սարգսյանին...

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին 2018 թ. ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարց ուղղեցին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վարչապետի պաշտոնում աշխատանքը 2018 թ. հետո շարունակելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան վարչապետն ընդգծեց, որ նրա հարցին ինչ-որ առումով պատասխանում է այն, որ իրենք կառավարության ծրագիրը ֆիքսել են 2017-2022 թվականների համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց ՀՀԿ-ականները  նրան համոզում են 2018թ. ստանձնել վարչապետի պաշտոնը, «առավել ևս, որ Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստի ժամանակ այս ամբիոնից ելույթ էր ունենում ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ` մոտեցող վարչապետ», Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Ես պատրաստ եմ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ համոզողների թվում ես չկամ»:

*

*