«Ելք» խմբակցությունն իր ծրագրերում բացառում է ծայրահեղ քայլերը

Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին...
gevorg-gorgisyan

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:

Նա տեղեկացրեց, որ դաշինքի մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, բացեր եւ թերություններ, իսկ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ:

«Եթե որեւէ անհատ կամ կուսակցություն ունի որևէ գաղափար, ներկայացնում է ծրագիր՝ ինչպես պետք է այն կյանքի կոչել, ինչ հետևանքներ կունենա հասարակության և պետության համար, ինչ կշահի դրանից դաշինքը: Հետո միայն դաշինքում քննարկվում ու որոշում է կայացվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դաշինքի մոտեցումը հետեւյալն է. ամեն ինչին այլընտրանք ներկայացնել, ինչպես դա իրենց գործունեությամբ արդեն իսկ ցույց են տվել, նաև ցույց տալ, որ կարող են փոխարինել գործող իշխանություններին:

Հարցին, թե  խմբակցությունը իրենց ռադիկալ համարո՞ւմ է եւ կդիմի՞ ծայրահեղ քայլերի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Որեւէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա: Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»:

*

*