«Ելք»-ի նախաձեռնությունը դրական կողմ ունի. ՀՅԴ խմբակցության ղեկավար

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը դեմ է «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին:
armen-rustamyan
Լուսանկարը՝ panorama.am-ի

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը դեմ է «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին:

Հարցին՝ կուսակցությունն արդյո՞ք քննարկել է հարցը, պատասխանեց, որ դա հայեցակարգային խնդիր է, և իրենց մոտեցումներն այս սկզբունքային խնդրին վաղուց ձևակերպած և ձևավորած են:

«Պարտադիր չէ, որ ամեն անգամ լայն հանրաքվե անցկացնենք` հասկանալու համար, թե ՀՅԴ-ն ինչպիսի մոտեցում ունի այս հարցի հետ կապված»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ սա առանցքային հարցերից մեկն է, որն իրենք լայնորեն քննարկել ու ուսումնասիրել են դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց ԵՏՄ անդամ դառնալ:

Ռուստամյանը նաև վստահեցրեց, որ դրանից հետո իրենց մոտեցումները չեն փոխվել, ընդհակառակը` համոզվել են, որ Հայաստանի անվտանգության խնդիրները լուծելու ամենաճիշտ որոշումն էր այդ պահին: Նա նաև իրենց տեսակետի ճշմարտացիությունը փաստելու համար բերեց օրինակ, որ ԵՄ-ն էլ իր տեսակետը փոխել է:

«Հնարավորություն է տալիս նորից վերադառնալու «և′, և′»-ի քաղաքականությանը՝ ունենալ միաժամանակ անդամակցություն թե՛ ԵՏՄ-ում, թե’ համապարփակ պայմանագրով ասոցացվել ԵՄ-ի հետ»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ ի՞նչ անվտանգության հարց լուծվեց ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, և դիտարկմանը՝ իրականում ՌԴ-ն որևէ աջակցություն ցույց չտվեց քառօրյա պատերազմի ժամանակ, նա արձագանքեց.

«Բացարձակապես օդից վերցված հայտարարություններ են, իրականության հետ դրանք կապ չունեն: Մենք փաստ ունենք. մենք քառօրյա պատերազմում հաջողած երկիր ենք: Այդպիսի հարց տվողները չեն հասկանում` ինչ է նշանակում պաշտպանություն և զինված ուժեր: Եթե թվում է, որ միայն զինվորներն են հաղթում` դատարկ ձեռքերով, չարաչար սխալվում եք: Մեր զինվորների հերոսության վրա որևէ մեկը չի կասկածել, այդ թվում` նաև թշնամին, սակայն եթե մենք չունենանք ռազմական միջոցներ, դժվար է միջնադարյան միջոցներով այսօր պայքարել առաջադեմ երկրների դեմ»:

Ռուստամյանի խոսքով՝ մենք ունենք անվտանգության երկու հիմնական բաղադրիչ՝ հարաբերություններ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ը: Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանն այլընտրանք չունի, թեև նշեց, որ դա չի նշանակում, որ չի կարող ունենալ:

«Դրանով մենք չպետք է սահմանափակվենք, պետք է ամեն ինչ անել, որ կարողանանք այլընտրանքներ ունենալ, մեր անվտանգությունը ապահովել»:

Պատգամավորը նաև նշեց, որ տնտեսապես ԵՏՄ-ում ունենք մեծ հնարավորություններ, որոնք լիարժեք չեն օգտագործվել: «Մենք ենք մեղավոր, որ  այդ շուկան լիարժեք չենք օգտագործել: Մենք չենք կարողացել այդ նոր իրավիճակին համապատասխանացնել մեր տնտեսությունը: Դա մեր խնդիրն է, որը պետք է լուծենք: Այդ խնդիրը պետք է լուծի կառավարությունը, իշխանությունները»,- ասաց նա` հավելելով, որ այնպես էլ չէ, որ ոչինչ չի արվել:

Ըստ Ռուստամյանի` «Ելք»-ի նախաձեռնությունը դրական կողմ ունի: ««Ելք»-ի նախաձեռնությունը ևս մեկ անգամ թերացումների մասին խոսելու հնարավորություն է տալիս, այդ առումով` շատ ողջունելի է»,- եզրափակեց նա:

*

*