«Ելք»-ի նախաձեռնությունը ժամանակավրեպ է․ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ արծարծվող հարցն արդեն հայտնվել է «խաղից դուրս» վիճակում:
armen-rustamyan-15092017

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը: Նիստի մեկնարկին հիմնական զեկուցող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրենց հիմնավորումները, թե ինչու Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միության կազմից: Մարուքյանը մատնանշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու երեք տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով նվազել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը՝ 13 տոկոսով: Պատգամավորը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ կապեց նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քննարկվող հարցի վերաբերյալ իր ելույթում ընդգծեց, որ իրենք ուղղակի պատճառահետևանքային կապ չեն տեսնում նախաձեռնության հեղինակների բերած հիմնավորումների և ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության միջև: «Այսինքն՝ պնդել, որ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը հետընթաց է ապրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով,  խիստ վիճելի է և այն հիմնավորումները, որ դրվում են դրա տակ, համոզիչ չեն»- ասաց Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ արծարծվող հարցն արդեն հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: «Մենք հիմա, իմ խորին համոզմամբ, մի հարց ենք քննարկում, որը «խաղից դուրս» վիճակում է։ Եթե Եվրոպական Միությունն անհամատեղելիություն գտներ այս գործընթացների հետ, իրենք հաստատ այդ համաձայնագրին չէին գնա։ Իսկ այդ համաձայնագիրը համապարփակ է բոլոր կողմերով։ Եվ եթե այդ ամեն ինչը վերլուծում են եվրոպացիները և չեն տեսնում անհամատեղելիություն, հենց դա էլ այսօր այս հարցը «խաղից դուրս» վիճակում է դնում»,- ասաց պատգամավորը։

Ռուստամյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի համար ստեղծվել է մի նոր իրավիճակ, որով հնարավոր է նոր մակարդակի բարձրացնել ԵԱՏՄ-ին անդամակցության ու Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության համատեղելիությունը և Հայաստանի համար ձեռք բերել նոր ռեսուրսներ։

«Ելք» խմբակցության նախաձեռնությանը վերապահումներով մոտեցան նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը և Արայիկ Աղաբաբյանը: Նրանք իրենց ելույթներում ժամանակավրեպ համարեցին «Ելք»-ի նախաձեռնությունը՝ շեշտելով, որ Հայաստանը օրերս ստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ուստի հարկավոր է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը և չշտապել:

*

*