«Ելք»-ն ամեն ինչ անելու է քաղաքացու տված ձայնը պահելու համար

«Ելք» դաշինքը կարողացել է քարոզարշավի ընթացքում իրականացնել այն, ինչ նախատեսել էր։
arayik-harutyunyan-elq

«Ելք» դաշինքը կարողացել է քարոզարշավի ընթացքում իրականացնել այն, ինչ նախատեսել էր՝ զանգվածային քարոզչություն են իրականացրել Հայաստանի ամբողջ տարածքով՝ առաջնորդվելով «բակից բակ, տնից տուն» սկզբունքով: Այս մասին հայտնել է 3-րդ ընտրատարածքում «Ելք»-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Թեեւ նա Երեւանում է առաջադրված, բայց քարոզարշավի ընթացքում եղել է նաեւ Լոռվա մարզում, եւ եկել է այն եզրակացության, որ Երեւանում մարդիկ ավելի համարձակորեն են արտահայտում իրենց քաղաքական հայացքները: Պատգամավորի թեկնածուն այս ընթացքում համոզվել է, որ մարդիկ շատ լավ տարբերակում են իրական եւ կեղծ ընդդիմություններին եւ սա, ըստ նրա, հասարակության վերափոխման փուլն է:

Քանի որ Տեղական Ինքնակառավարման Մարմինների ընտրությունները ցույց են տվել, որ հիմնական կեղծարարություններն արվում են ընտրատարածքներից դուրս, «Ելք»-ը փորձել է այնպիսի ասելիքով հանդես գալ, որն ընտրակաշառքից թանկ կլինի:

Բուն ընտրության ժամանակ ու դրանից հետո էլ «Ելք»-ն ամեն ինչ անելու է քաղաքացու տված ձայնը պահելու համար՝ անկախ այն հանգամանքից, ում է տվել իր ձայնը:

«Առաջին երկու շաբաթում փորձեցինք մարդկանց անտարբերությունից, հուսախաբությունից դուրս բերել, այնուհետեւ ներկայացնել մեր ծրագրերը եւ ներգրավել քաղաքական այս պրոցեսին: Երեւանում մարդիկ ավելի բաց են, ավելի շատ են շփվում, ավելի բաց են արտահայտում իրենց կարծիքը: Մարզերում, կարծես թե, մարդիկ իրենց ընտրությունը ներքուստ կատարել են, բայց հրաժարվում են դրա մասին խոսել: Հետընտրական գործընթացները երբեւէ չենք բացառել, բայց մեր հիմնական ասելիքը կախված է եղել բուն ընտրությունների օրվա հետ եւ կենտրոնանալու ենք ընտրությունների արդյուքը ֆիքսելու վրա»,- ասել է ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ելք» դաշինք, Արայիկ Հարությունյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*