ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել

...արձագանքել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին
ekhkhv

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

«Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը՝ հրաժարվելու պաշտոնից երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով: Հուսով ենք, որ այս ամենը կհանգեցնի նոր և կառուցողական երկխոսության երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև՝ նպատակ ունենալով գտնել տիրող իրավիճակի վերաբերյալ տևական լուծում՝ համաձայն  սահմանադրական համապատասխան դրույթների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն, պետք է լիակատար հարգանք ցուցաբերվի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Համազեկուցողները մտահոգություն են հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումների առնչությամբ՝ այն մասին, որ համացանցում ավելացել է անհատների դեմ ատելության խոսքն ու անգամ բռնության կոչերը՝ հորդորելով հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Ջուզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան նշել են, որ շարունակելու են հետևել Երևանում տեղի ունեցող զարգացումներին:

*

*