«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ կստեղծի»

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցերին:
edvard-nalbandyan

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցերին:

Ինտերֆաքս. Պարոն նախարար, ի՞նչ կարող եք ասել Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների վերաբերյալ, որոնց մասին Ռուսաստանի արտգործնախարարը հիշատակեց երեկ Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Էդվարդ Նալբանդյան. Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով:

Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ նաև Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ:

Վերջին տարիներին մենք սերտորեն աշխատում էինք փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և անգամ բազմիցս մոտ ենք եղել լուծումների, բայցև ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որոնց մասին նշվում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարի հայտարարության մեջ, այն է՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառության վերահաստատումը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի կատարումը, սեղմ ժամկետներում զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը. այս համաձայնությունների կատարումը ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար:

Ինտերֆաքս. Որքանո՞վ է իրատեսական, որ Վիեննայի նշված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

Էդվարդ Նալբանդյան. Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարևորության մասին, ներառյալ՝ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով է հաստատել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը:

Համանախագահ երկրները բազմաթիվ անգամներ կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին անշեղորեն կատարելու 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ, ես կասեի, «պարտիզանական պատերազմ» էր վարում՝ փորձելով հարցականի տակ դնել դրանց վավերականությունը: Համանախագահները անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում:

Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը բազմից ընդգծվել է, այդ թվում՝ 2011 և 2012թթ. Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, և բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում: Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում էր դրա ստեղծումը:

Այն, որ համանախագահ երկրների նախարարներն առաջին անգամ ներկա էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին, ցույց է տալիս, թե համանախագահ երկրներն ինչպիսի հատուկ կարևորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հուսերը, միջազգային հանրության սպասելիքները:

*

*