Էդվարդ Նալբանդյան` հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ չկան

«Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարևան երկրների միջև»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ չկան: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է նորովի կարևորել և հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

«Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունները և հարաբերություններն այդ երկրի հետ զարգացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,-  պատասխանելով պատգամավորի հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ բովանդակային իմաստ հայ-վրացական հարաբերությունները հիմա են ստացել: Նրա խոսքով՝  իրավիճակ է փոխվում, և Հայաստանը նորովի պետք է կառուցի  հարաբերությունները Վրաստանի հետ՝ հիմքում երկու կարևոր հանգամանք ունենալով՝ Վրաստանի հայության իրավունքների պաշտպանությունն ու հայ-վրացական տարածաշրջանային ընդհանրական շահերը:

Ի պատասխան նախարարն ընդգծեց, որ հարաբերությունների փոփոխությունները մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չեն, դրանք հետևողական քաղաքականության արդյունք են:

«Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարևան երկրների միջև: Դրանք բազմաթիվ են և մենք կառուցողական հունով լուծում ենք դրանք», — ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

*

*